Թվում է` կյանքի վավերագրականը գեղարվեստական իրողությունից այնքան հեռու է, որքան մենք... ներկայիս Հայաստանից, բայց մենք մեր բաժին Հայաստանն ապրում ենք չուզվորի անխոհեմությամբ, չկայացածի թևառնումներով, աննպատակայինի մեր վարձու ժամանակավրեպությամբ` միշտ անվրեպ գովաբանելով «այսքան ուրախ կյանքը մեր», որը մեզ չի պատկանում, եթե պատկանել է, ապա պարտվողի ինքնահիացմամբ ենք նայել մեր շուրջը տեղի (անտեղի) ունեցող իրադարձություններին, որոնք օրեօր խաթարել և խաթարում են հանրային կյանքն ընդհանրապես...
Իսկ... ընդհանրապես, Վրեժ Առաքելյանը չի հանդուրժում լճից լճի «բարեփոխումների» ցանկացած ազգային նվաճում և, բնականաբար, սարկաստիկ այն զավեշտապատումները (վրեժապատումները), որոնք մեր կյանքի, ժամանակի ուղղակի դրսևորումներ են, ուշագնաց լինելու աստիճանի մտահոգում են, որովհետև իր խոսքի չափն ու կշիռը գիտակցող հրապարակագիրը միշտ... սահմանախախտ է: Նրա համար սահմանները սկսվում և վերջանում են այնտեղ, որտեղ Հայ մարդն ապրում է ըստ իր նկարագրի ու արժանիքի: Մարդու գնահատման այն արժեչափումով, որը գոյություն ունի քաղաքակրթորեն մեզ անմատույց քաղաքացիական հասարակության մեջ: Այն տակավին մեզ համար երկու անհայտով հավասարում է, իսկ «լուծման բանալին» հանրային հարաբերությունները կարգավորողների ձեռքին է, լուծումը կախված է նրանց «մտքից, խղճից, պատվից»:
Ի՞նչ են ի զորու անելու Վրեժ Առաքելյանը և մնացյալ հրապարակագիր-«առաքյալները», որ չեն անում կամ աչք են փակում կամ զլանում են և երբեմն էլ զլանալով են աչք փակում` հանրային թերությունները (եթե չասենք աղտեղությունները) բացահայտելու, գոնե նվազեցնելու, ի վերջո, «ապամոնտաժելու» համար: Թվում է` ոչինչ էլ չեն անում կամ անում են ծոր տալով, ձեռի հետ` ոչ ուրույն բարեփոխիչ հետևողականությամբ: Այսպես մտածողները ոչ միայն սխալվում են իշխանությունների «օրինաչափությամբ ու հանգով», այլև մեզանում լրագրողների կատարած դերն են թերագնահատում` «շունը հաչի, քարավանը անցնի» սկզբունքով: Ցանկացած ժամանակահունչ խնդիր, որ բարձրաձայնվում է, խնդրո առարկա է դառնում մեր առօրյայի «հրձիգներից» մեկի` Վրեժ Առաքելյանի կողմից ոչ միայն «Լճից լիճ» պատումաշարում, այլև «Իրատես»-ի նրա հրապարակումներում, հարցազրույցներում: Ինչո՞ւ, պատճառը պարզ է և ոչ անտեսանելի: Ցանկացած խնդրահարույց իրադարձություն, բողոքագիր-նամակ (որոնք, անշուշտ, «երևակվում են» պատումաշարում) արժանահավատ և հուսալի լրագրող-հետաքննողի պահանջ են զգում, ինչպես հայ հանրությունն է ապրում արդարության պահանջի հույսով: Եվ քանի որ Վրեժ Առաքելյանը հանրությանը հուսախաբ չանելու ճիգ ու ջանք չի գործադրում, որովհետև ապրում է հանրության մտահոգություններով, այն, ինչ չինովնիկների մի ստվար զանգվածի համար անհասկանալի է. այսպես պատկերը միանգամայն տեսանելի է դառնում: Իսկ մենք անհուսորեն փնտրում ենք (եթե փնտրում ենք) նրան, ով ինքը` իր գտնվելու վայրը չգիտի. անհայտ բացակայողի արդիական կարգավիճակ: Այդ «ինքը», որը այլ անունով կոչվում է ազնվություն, քսան տարուց ավելի է, ինչ իշխանությունների ձեռքին պատանդ է, ինքնուրույն կյանք չունեցող ունեզուրկ ու անգիտակից (ազնվության անգիտակից լինելը ո՞րն է, տարակուսում եմ ես, նաև ընթերցողը):
Վրեժ Առաքելյանն այն խոհեմությունն ունի, որ ազնվության «ունեզրկումը» մինչև վերջին ինչք գիտակցում է: Այս խորապատկերի վրա է նրա, իբրև ժամանակագրի մտահոգությունը առարկայական: Եվ, իսկապես, ողջ պատումաշարը հենց այդ ազնվության պակասից շոկի մեջ հայտնված միջին հայաստանաբնակի կարգավիճակով է ներկայացնում այնպիսի իրողություններ, հանրության մեջ չարիք սերմանող այնպիսի երևույթներ ու մարդկային (իրականում` անմարդկային) կենսապայմաններ, որոնց շնորհիվ «ծովից ծովի» երբեմնի իրողությունն այսօր վերածվել է լճից լճի ամոթահար իրավիճակի (Աստված մի արասցե, որ Վրեժ Առաքելյանն օրերից մի ցրտահար օր նախաձեռնի «Առվից առու» պատումաշար կյանքի կոչել):
Եվ քանի որ հույսը... վերջինն է մեռնում, մենք այս հույսով շարունակում ենք ապրել. Հայաստանում ապրելը արվեստ է, իսկ արվեստով ապրող-չարտագաղթած ժողովուրդը պետք է դիմագրավի, քանի դեռ «էլիտար ցնցումների 9-րդ ալիքը» չի սավառնել իր գլխավերևում, և Վ. Առաքելյանն էլ դեռ գրչաթափ չի եղել «Առվից առու»-ի նվիրական տեսլականով ապրողների կողմից:
Իսկ ավելի լուրջ ու սթափ, Հայի ու Հայաստանի բարոյազուրկ վիճակի արգասիք է պատումաշարը, այլ բառով` պատումաճիչը, քանի որ ոչ մի բան ոչ միայն «իր տեղում չէ», տեղի գոյությունն էլ է անկախության «անհիշելի» ժամանակներից իսպառ մոռացվել: Նյութապաշտությունը, բարոյազրկումը, եկեղեցաշինությունն ու շուկայագիտությունը կողք կողքի են հայտնվել որպես ազգասիրական նվաճումներ... Չենք անդրադառնում վարչական կեղծ-զովասուն քարոզանու ազգասիրությանը, և այն պաշտոնապատառներին, որոնք նետվում են բակապահի հնազանդությամբ վաղուց ի վեր կերկոխ եղած այնպիսի ժամկետանց չինովնիկների, որոնց համար Հայաստանը սոսկ և միայն աշխարհագրական տարածք է, ժողովուրդը` կյանքից միշտ դժգոհ ամբոխ: Չենք անդրադառնում նաև այն ամենին... ճիշտն ասած... Վրեժ Առաքելյանն արդեն անդրադարձել է, ՀՀ դրսեկ և ներքին ներխուժումները նոր ոլորտներ են նվաճում` մտավորականության սթափ կամազրկումով շարունակվում է չհավերժել Հայաստանը...
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ
Հ. Գ. Գիրքը հնարավոր է ձեռք բերել մայրաքաղաքի գրախանութներում։